Իրաքից տարհանված դանիացի զինվորականները կվերադառնան Այն ալ Ասադ ռազմաբազա

93

Դանիան կրկին Իրաք կտեղափոխի այնտեղից տարհանված իր զինվորականներին։ Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրեյն Բրամսենը։ Նրա խոսքով՝ մարտի 1-ից դանիացի զինվորականները կվերադառնան Իրաքի Այն ալ Ասադ ռազմաբազա, որտեղից դուրս էին բերվել հունվարին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս»  հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո  դանիական զորքերը ժամանակավորապես տարհանվել էին Քուվեյթ։

«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, և կարևոր է թույլ չտալ, որպեսզի Իրաքը կրկին վերածվի ահաբեկչական գործունեության թատերաբեմի։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերսկսել իրաքցի զինվորականների վերապատրաստումը, որպեսզի հետագայում նրանք կարողանան ինքնուրույն պաշտպանել երկիրը», — հայտարարել է Բրամսենը։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող արևմտյան կոալիցիայի կազմում շուրջ 130 դանիացի զինվորականներ կան, ովքեր հիմնականում որպես հրահանգիչներ են աշխատում։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 3-ի գիշերը ամերիկյան օդուժի կողմից Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր իրանցի անվանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ Իրանը հունվարի 8-ին հրթիռակոծեց իրաքյան Այն ալ Ասադ ռազմաբազան, որտեղ նաև ամերիկյան ռազմական ուժեր էին տեղակայված։ ԱՄՆ–ը սկզբում հայտարարեց, որ ոչ ոք չի տուժել, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 100 ամերկացի զինվորական է վիրավորվել հրթիռակոծության պատճառով։