Ռուսաստանը և Թուրքիան Իդլիբի հարցի շուրջ նոր բանակցություններ կսկսեն․ Լավրով

95

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ՝ քննարկելու համար Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։

Լավրովի խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու ուղղությամբ։ ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը կհասնեն համաձայնության և Իդլիբում իրապես հրադադար կհաստատվի, իսկ ահաբեկիչներն այլևս իրենց «տեր ու տիրակալ» չեն զգա այնտեղ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց աջակցում է Ռուսաստանը:

Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը, 20-ին՝ 2-ը: