«Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը երաշխավորված չէ». արաբագետ

70

Մարտի 2-ին Իսրայելում ընթանում են 1 տարվա ընթացքում արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նախորդ երկուսի արդյունքներով այդպես էլ հնարավոր չեղավ ձևավորել Կնեսեթի պարզ մեծամասնության՝ առնվազն 61 մանդատի աջակցությունը վայելող կոալիցիոն կառավարություն:

Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ հիմնական պատճառները երկուսն էին՝ անձնային գործոնը՝ պայմանավորված աջակողմյան ճամբարում վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի միջանձնային թշնամանքով, ինչպես նաև իսրայելական հասարակության ընդգծված երկատվածությունը. ընտրողների մի զգալի հատված այլևս չի ցանկանում երկրի ղեկին տեսնել գործող վարչապետին:

«Հարկ է նշել, որ ցայժմ անցկացված սոցհարցումների արդյունքները հուսադրող չեն. ըստ դրանց՝ այս ընտրությունները ևս չեն հանգեցնելու քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Երկու ընդդիմադիր ճամբարներն, առանց Լիբերմանի կուսակցության 6-8 մանդատների, հավաքում են գրեթե հավասար ձայներ. նույնն է նաև երկու գլխավոր մրցակից կուսակցությունների պարագայում: Ստեղծված իրավիճակում ամենաիրատեսական սցենարը Նեթանյահուի և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի կողմից հակառակորդ ճամբարները պառակտելու գործելաոճն է, որի հնարավորությունը, ի դեպ, երկու կողմն էլ ունեն:
Ընտրությունների հետ կապված մեկ այլ օրակարգային խնդիր է ընտրողների մասնակցության ընդգծված պասիվությունը, որը ցայժմ բավականաչափ ցածր է՝ պայմանավորված հատկապես կորոնավիրուսի տարածման սպառնալիքով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը։