Ահաբեկչական խմբավորումներին միացած ադրբեջանցիների ընտանիքները արտաքսվել են Իրաքից

159

Իրաքը Ադրբեջան է արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած ադրբեջանցիների ընտանիքներին։ Այս մասին, ըստ ադրբեջանական մամուլի, մարտի 5-ին տեղեկացրել է Իրաքի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ահմեդ ալ –Սահաֆը։

Իրաքի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ Ադրբեջան են ուղարկվել ԻՊ-ին միացած ահաբեկիչների կանայք և 82 երեխաներ։ Հայտնի է դարձել նաև, որ ներկա դրությամբ Իրաքից արտաքսված արտասահմանցի երեխաների թիվը հասել է 828-ի։

Դեռևս 2018թ․ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից ՄԱԿ-ի միջազգային միգրացիոն կազմակերպությանը ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Ադրբեջանից 1136 տղամարդ և 341 կին են մեկնել Սիրիա կամ Իրաք՝ այնտեղ գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների միանալու նպատակով։

Նրանցից 903-ը (749 տղամարդ և 154 կին) ամենայն հավանականությամբ զոհվել են կամ անհետ կորել։ Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերին Ադրբեջանում հրապարակված մի հետազոտության արդյունքում։ Նույն զեկույցի համաձայն՝ Ադրբեջան են վերադարձել Սիրիա և Իրաք մեկնածներից 309-ը (261 տղամարդ և 48 կին)։