Մարդկության պատմությունն ուղեկցվել է պատերազմներով, որոնց մեթոդները, ձևերը, բնութագրական հատկանիշները ժամանակի ընթացքում փոխվել են։ Սառը պատերազմի տարիներին սկսեցին կիրառվել միջնորդավորված՝ «պրոքսի» պատերազմները, որոնք կազմեցին նաև հետմոդեռնիստական պատերազմական ձևերի առաջացման հիմքը: Ներկայումս, սակայն, հակամարտությունները բարդ են և խճճված՝ համեմատած սառըպատերազմական ժամանակաշրջանի, երբ «պրոքսի պատերազմ» եզրույթը դեռ նոր էր ամրագրվում միջազգային հարաբերությունների բառամթերքում: Այս համատեքստում ուշադրության է արժանի «պրոքսի» պատերազմներ վարելու թուրքական փորձառությունը Մերձավոր Արևելքում:           

Ըստ ռազմական ոլորտի հետազոտող Էնդրյու Մամֆորդի՝ «պրոքսի» պատերազմը կոնֆլիկտի մեջ երրորդ կողմի անուղղակի ներգրավումն է՝ ռազմավարական օգուտ ստանալու նպատակով [1], կամ պատերազմն է ուրիշի ձեռքով: Երբեմն այդ պատերազմի հետևում կանգնած է որևէ պետություն կամ կազմակերպություն, երբեմն էլ՝ մասնավոր ռազմական ընկերություն [2]:

Ոլորտի մասնագետներն առանձնացնում են պետությունների ներքին գործերին միջամտելու բազմաթիվ դրդապատճառներ [3], որոնք հատկապես կարևոր են միջնորդավորված պատերազմների էությունն ընկալելու տեսանկյունից: Այդպիսիք են․

  • «ազդեցության գոտու» ընդլայնումը,
  • սոցիալական խմբերի պաշտպանությունը,
  • տնտեսական շահերի պաշտպանությունը,
  • դիվանագիտական կամ ռազմական շահերի պաշտպանությունը,
  • գաղափարախոսության, կրոնի տարածումը,
  • տարածաշրջանային ուժերի հավասարակշռումը,
  • հավանական հաջողության ընկալումը,
  • կոնֆլիկտի հավանական էսկալացիայի ընկալումը:

Տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված՝ այս գործոնները կարող են տարբեր առաջնահերթություններ ունենալ: Օրինակ՝ մերձավորարևելյան տարածաշրջանում գաղափարախոսական և հատկապես կրոնական գործոնը հաճախ կարող է առավել ընդգծված դրսևորվել:

Այսպես՝ միջնորդավորված պատերազմները վերջին տարիներին իրենց ամբողջ ծավալով և առանձնահատկություններով դրսևորվել հենց Մերձավոր Արևելքում, որի մասն է կազմում նաև Թուրքիայի Հանրապետությունը։ 2003թ. Միացյալ Նահանգների՝ Իրաք ներխուժումից հետո ուժերի հավասարակշռությունն սկսեց փոխվել այս տարածաշրջանում. Իրաքը դադարեց լինել ուժային բևեռ:  2010թ․ սկսված «Արաբական գարնան» գործընթացներով պայմանավորված՝ թուլացան նաև Լիբիայի, Եգիպտոսի և Սիրիայի դիրքերը [4]: Ուժային վակուումի այդպիսի պայմաններում տարածաշրջանում սկսեց մեծանալ  Թուրքիայի ներկայությունը։

Այս տարիներին Թուրքիայի համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից էր Եմենը, որը միջնորդավորված պատերազմների թատերաբեմ դարձավ: Այստեղ բախվում էին և´ տարածաշրջանային, և´ համաշխարհային «խաղացողների» շահերը: Մասնավորապես՝ տարածաշրջանում մի կողմում Սաուդյան Արաբիայի գլխավորած Ծոցի դաշինքն էր, մյուս կողմում՝ Իրանը, որոնք դեռևս 1979 թ.-ից ի վեր հակադիր բևեռներում էին դիրքավորվել [5]: Թուրքիային Եմենը հետաքրքրում էր մի քանի առումով․ Նախ՝ նեոօսմանիզմի դիտանկյունից Եմենն օսմանյան անցյալի մի մասն է, հետո՝ այն ռազմավարական կարևոր դիրք ունի Կարմիր ծովի և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի շնորհիվ [6]:  Այսպես՝ շիա հութիների և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերի միջև Թուրքիան դիրքավորվեց Սաուդյան Արաբիայի գլխավորած սուննիական կոալիցիայում, տարբեր միջոցներով աջակցեց [7] Սաուդիան Արաբիայի և ԱՄԷ-ի գլխավորած զինված ուժերի ներխուժմանը Եմեն «Վճռական փոթորիկ ռազմագործողության» ժամանակ, որի նպատակն էր հութիներին ճնշելը: Հարկ է ընդգծել, որ Եմենն անմասն չմնաց նաև միջնորդավորված պատերազմներում չափազանց կիրառելի[8] «փափուկ ուժի» գործիքակազմի ազդեցությունից (բավական է հիշել այսպես կոչված «թուրքական մոդելի» խաղարկումը, որ մասսայականություն էր վայելում թիրախային լսարանի շրջանում), որի կիրառմամբ Թուրքիան երկրում ազդեցության տարածման հետ մեկտեղ ապահովեց իր շահերն առաջ մղելու հնարավորությունը:

Միջնորդավորված պատերազմներ վարելու Թուրքիայի փորձառության մեջ առանձնանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հզորացմանն աջակցելու, զինելու, ապաստանի և վերականգնվելու հնարավորություն տրամադրելու հանգամանքը, որը հետագայում, ինչպես բավական դիպուկ բնորոշել է «Հյուրիյեթ» թերթի նախկին սյունակագիր Բուրաք Բեքդիլը, Թուրքիայի համար իսկական «ֆրանկենշտեյնյան հրեշ» դարձավ [9]: Թուրքիան, բնականաբար, մշտապես ձգտել է հերքել իր կապը ԻՊ-ի հետ, սակայն բազմաթիվ են հրապարակումներն ԻՊ-ի զինյալներին Թուրքիայի ցուցաբերած աջակցության, ընդհուպ մինչև Թուրքիայի նախագահի անձնական շահերի սպասարկմանն ուղղված գործունեության իրականացման վերաբերյալ [10]: Թուրքիան ֆինանսական և այլ տեսակի աջակցություն տրամադրում էր ոչ միայն «Իսլամական պետությանը», այլև առհասարակ սիրիական «չափավոր» ընդդիմությանը՝ «Սիրիական ազատ բանակ»-ին, «Ջեյշ ալ–Իսլամ» և «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորումներին [11]: Հետաքրքրական է նաև Սիրիայում ապրող թուրքմեններին (որոնց 2000-ականներին դեռ անվանում էին թուրքոմաններ) տրամադրված օժանդակությունը: Թեև թուրքմեններն անմիջապես չհարեցին զինված ընդդիմությանը, բայց 2012 թ. Դամասկոս-Անկարա հարաբերությունների խզումից հետո միացան ապստամբներին, և, չունենալով ռազմական գործողությունների փորձ, անմիջապես ստացան թուրքական իշխանությունների աջակցությունը [12]:

Թուրքիան «պրոքսի» պատերազմներ վարելու փորձ ունի նաև Իրաքի հյուսիսում, ինչպես օրինակ՝ «Արև» անվանված գործողությունը 2007-2008 թթ․, ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Սինջարի վրա հարձակումը 2017թ.: Վերջինը 2019թ․ մայիսի 27-ից Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ճանկ» (Pençe) անվանումն ստացած ցամաքային ու օդային գործողություններն են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ: Կարևոր է նշել, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի հետաքրքրությունները պայմանավորված են նաև 1920թ. թուրքական Ազգային ուխտով, ինչպես նաև քրդական գործոնով:  

Լիբիայում, որտեղ բախվում են այնպիսի երկրների շահեր, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հունաստանը և Կիպրոսը, Թուրքիան հետապնդում է տնտեսական շահեր և միաժամանակ պայքարում Միջերկրական ծովի արևելյան հատվածում քաղաքական գերակայության հասնելու համար [13]։  Թուրքիան այդ երկրում ներկայումս աջակցում է Տրիպոլիի «Ազգային համաձայնության կառավարությանը», որի հետ 2019թ. նոյեմբերի 27-ին համաձայնագիր էր ստորագրել «Անվտանգության և ռազմական համագործակցության» մասին։

Տեխնոլոգիական զարգացվածության ժամանակակից պայմաններում իբրև միջնորդավորված պատերազմների կարևոր ուղղություն չի կարելի անտեսել նաև կիբեր հարձակումները կամ «պատերազմները»: Հատկապես կարևոր է գաղտնիության՝ այսպես կոչված անոնիմության տարրի առկայությունը, երբ շատ հաճախ հնարավոր չի լինում պարզել հարձակման պատվիրատու կողմին [14]: Թուրքիան ևս անմասն չի մնում այս զարգացումներից, ինչպես օրինակ՝ վերջին շրջանում Հունաստանի, Կիպրոսի և Իրաքի մի շարք կարևոր պետական կառույցների վրա հարձակումները, որոնց ուղղորդման հարցում թուրքական հետք է նկատվում [15]:

Ամփոփելով կարող ենք նշել, որ մերձավորարևելյան տարածաշրջանն օրեցօր  ընկղմվում է «պրոքսի» պատերազմների մեջ և որպես այդ տարածաշրջանում գերտերություն դառնալու հավակնություն ունեցող պետություն՝ Թուրքիան ևս ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում։ Ի թիվս այլ հանգամանքների՝ Թուրքիայի նման լայն ներգրավվածությունը պայմանավորված է նաև թուրքական արտաքին և անվտանգային քաղաքականության էլ ավելի անկաշկանդ իրականացման հետ: Հատկանշական է, որ Թուրքիան այս տարիներին մարդկային, նյութական կորուստների կողքին հնարավորություն ունեցավ զգալի փորձ կուտակել միջնորդավորված պատերազմներ վարելու հարցում, ինչը, վստահաբար, կիրառելու առիթներ է ունենալու նաև հետագայում:

  1. Mumford A., Proxy Warfare (War and Conflict in the Modern World), UK, Polity Press, 2013, p. 11.
  2. Чакмак Х., Proxy War и Турция, 19.02.2016, — https://inosmi.ru/politic/20160219/235468008.html
  3. Mumford A., նշվ. աշխ., էջ 31-32.
  4. Ekşi M., Regional Hegemony Quests in the Middle East from the Balance of Power System to the Balance of Proxy Wars: Turkey as Balancing Power for the Iran — Saudi Rivalry, Akademik Bakış, Cilt 11, Sayı 21, 2017, pp. 133-156, p. 134.
  5. Kurt V., Arap İsyanları Sonrasında Ortadoğu’da Vekalet Savaşları: Yemen Örneği, Uluslararası Siyaset Bilimi ve Kentsel Araştırmalar Dergisi Cilt 7, Sayı 1, Mart 2019,  ss. 307-326, s. 314.
  6. Bakeer A., Cafiero G., Turkey’s influence in Yemen, 01.05.2018, — https://www.trtworld.com/opinion/turkey-s-influence-in-yemen-17126
  7. Տե´ս օրինակ Turkey, Egypt join military operation against Houthis in Yemen, 26.03.2015, — https://www.dw.com/en/turkey-egypt-join-military-operation-against-houthis-in-yemen/a-18343093
  8. Mumford A., նշվ. աշխ., էջ 61:
  9. Bekdil B., Turkey’s Frankenstein Monster, 13.09.2014, —https://www.gatestoneinstitute.org/4698/turkey-frankenstein-monster
  10. Exclusive: WikiLeaks documents highlight sinister relations between Erdogan and ISIS, https://thepressproject.gr/exclusive-wikileaks-documents-relations-erdogan-isis-oil-smuggling/
  11. Factsheet: factions in the Turkish-backed “Free Syrian Army”, Rojava Information Center, 2019, —
    https://rojavainformationcenter.com/storage/2019/03/TNA_report.pdf
  12. Եկավյան Տ., Սիրիայի թուրքմենները պանթյուրքիզմի գործակալնե՞ր, «ԱԶԳ» օրաթերթ #48, 25.12.2015,-https://azg.am/AM/2015122521
  13. Schenk H., Libya’daki vekalet savaşında Türkiye, 03.07.2019, — https://www.dw.com/tr/libyadaki-vekalet-sava%C5%9F%C4%B1nda-t%C3%BCrkiye/a-49446854
  14. Mumford A., նշվ. աշխ., էջ 86-87.
    Stubbs J., Bing Ch., Menn J., Exclusive: Hackers acting in Turkey’s interests believed to be behind recent cyberattacks – sources, 27.01.2020, Reuters,

Մարիամ Վարդանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի Մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի


*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: