Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

184

Իջևանի ուղղությամբ ժամը 12:00-12:30-ի սահմաններում հակառակորդը գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, այնուհետև հավելել, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։