Ադրբեջանում կալանքից ազատել են Ալիևների ունեցվածքի մասին բացահայտումներ արած լրագրողին

56

Ադրբեջանցի լրագրող–հետաքննող Աֆղան Մուխթարլըն, ով հայտնի է երկրում կոռուպցիայի մասին աղմկահարույց հրապարակումներով, ազատ է արձակվել։ Նա ուսումնասիրել և հրապարակել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամներին ունեցվածքի մասին, որը գտնվում է Վրաստանում։

Կալանքից ազատված լրագրողն անմիջապես ուղարկվել է Գերմանիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի կարծիքով՝ այդ հանգամանքը ապացուցում է, որ Մուխթարլըի դեմ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

2015թ․ Աֆղան Մուխթարլըն Ադրբեջանից մեկնել էր Վրաստան, իսկ 2017թ․-ին անհետացել էր։ Նույն տարվա մայիսին լրագրողի ընտանիքը հայտարարել էր, որ նրան առևանգել են և գաղտնի վերադարձրել Ադրբեջան։ Անհետանալուց կարճ ժամանակ առաջ Մուխթարլըն ինքը հայտարարել էր, որ իրեն հետևում են, իսկ Վրաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Մուխթարլըն իսկապես Ադրբեջանում է։ Նրան մեղադրանք առաջադրվեց անօրինական սահմանահատման, մաքսանենգության և սահմանապահների վրա հարձակվելու համար։ 2018թ․ հունվարին լրագրողը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։

Նշենք, որ Մուխթարլըի անհետացումից հետո սկսվեց հասարակական շարժում՝ ի աջակցություն պետության կողմից առևանգված լրագրողի։ 2018թ․ հունիսին Եվրախորհրդարանը ընդունեց «Մուխթարլըի գործը և Ադրբեջանում լրագրողների վիճակը» խորագրով բանաձև՝ կոչ անելով Բաքվին՝ ազատ արձակել լրագրողին, իսկ Թբիլիսիին՝ հետաքննել վերջինիս անհետացումը։

Հավելենք, որ ըստ ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի՝ այսօր Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալ կա, որոնցից 4-ը լրագրողներ են։