Սիրիայում կչեղարկվի «պատվի հանցագործությունների» պատժի մեղմացում նախատեսող օրենքի հոդվածը

139

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փոփոխություններ է մտցրել Սիրիայի Արաբական հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներից մեկում։ Փոփոխության շնորհիվ չեղյալ կհամարվի «պատվի հանցագործությունների» համար սահմանվող պատժի մեղմացում նախատեսող օրենքը։  Մուսուլմանական ավանդապաշտ հասարակություններում պատվի հանցագործություն է համարվում սպանությունը, որն իրականացվել է ընտանիքի անունը, պատիվը արատավորումից փրկելու համար:

Որոշման մասին հայտարարել է Սիրիայի նախագահի աշխատակազմը: Ասադի ընդուօրենքի համաձայն՝ Սիրիայի քրեական օրենսգրքի 548 հոդվածը ամբողջությամբ կչեղարկվի։ Նախագահը որոշման նախագիծն ուղարկել էր խորհրդարանի քննարկմանը դեռ մարտի 8-ին:

Դամասկոսի Համալսարանի պրոֆեսոր, ընտանիքի հարցերով Սիրիական Հանրապետության կառույցի նախկին ղեկավար Անսաֆ Համադի խոսքով՝ որոշումը հասունացել էր վաղուց, քանի որ այդ վիճելի հոդվածը փաստացի օրինականացնում էր սպանությունը՝ տալով դրան արդարացում։

Դեռեւս  2008 թվականին Սիրիայի Ընտանեկան գործերի գրասենյակը համաժողովրդական ֆորում անցկացրեց իրավաբանության ոլորտի փորձագետների եւ տարբեր հավատքների ներկայացուցիչ կրոնական գործիչների հետ, որոնք հաստատեցին, որ գոյություն չունեն կրոնական տեքստեր, որոնք արդարացնում են սպանությունների նման պրակտիկան: 

Սիրիացի փորձագետի խոսքով ՝ ավելի վաղ արդեն ընդունվել էին հոդվածի երկու փոփոխություններ՝ խստացնելով նման հանցագործությունների համար պատասխանատվությունը: Վերջին փոփոխությամբ նախատեսվում էր 7 տարվա ազատազրկում ՝ «պատվի սպանություններ» կատարելու համար:

Հոդվածի փոփոխությունից հետո «պատվի սպանություններ» կատարած անձանց հանցագործությունները կդիտարկվեն որպես սովորական սպանություններ՝ ծանր կամ ոչ այնքան: