Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը կարող է ընդլայնվել

46

Մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը սահմանափակ է, սակայն այն պարբերաբար վերանայվելու է, և չի բացառվում, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ցանկն ընդլայնվի։

«Ապրանքների ցանկը սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տնտեսավարողներին։ Ցանկը պարբերաբար վերանայվում է, կապ կա նաև տնտեսավարողների հետ և հնարավոր է, որ այս շաբաթ ցանկում ավելացումներ տեղի ունենան»,- նշել է նախարարը։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել: Հրապարակվել են ցանկեր, թե ինչ ապրանքներ կարող են փոխադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանից Իրան: