Ադրբեջանում մարտի 24-ից կարանտինային ռեժիմ է հայտարարվել

413

Ադրբեջանի կառավարությունը մարտի 24-ից ժամը 00։00-ից ողջ երկրում կարանտին է հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի օպերատիվ շտաբը՝ նշված որոշումն ընդունվել է վարչապետ Ալի Ասադովի ղեկավարությամբ մարտի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Հատուկ կարանտինային ռեժիմը ողջ երկրի տարածքում կգործի մինչև 2020թ․ ապրիլի 20-ը։

Կարանտինի շրջանակներում արգելվել է 65 տարեկան և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներին՝ դուրս գալ տներից։ Բացի այդ՝ դադարեցվել են միջքաղաքային և միջմարզային ուղևորափոխադրումները։ Մինչև ապրիլի 20-ը սահմանափակվել է նաև Բաքու, Սումգայիթ քաղաքների և Աբշերոն շրջանի ելումուտը։ Բացառություն կարվի միայն շտապօգնության մեքենաների, փրկարարների, հատուկ ջոկատայինների և ապրանքափոխադրողների համար։

Երկրում արգելվել են 10-ից ավելի խմբերով հավաքները, սահմանափակվել է հանրային սննդի կետերի աշխատանքը․ դրանք կգործեն միայն ժամը 12։00-ից մինչև 15։00-ն։ Միևնույն ժամանակ օնլայն պատվերների և սննդի առաքման ծառայությունները կգործեն առանց սահմանափակումների։

Հատուկ կարանտինային ռեժիմի վերահսկողությունը կիրականացնի Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։