Իրանում ալկոհոլային թունավորումից ավելի քան 200 մարդ է զոհվել

332

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ալկոհոլային թունավորումից Իրանում ավելի քան 200 մարդ է մահացել։ Կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո մարդիկ սկսել են տնային պայմանններում արտադրված կամ արդյունաբերական սպիրտ օգտագործել՝ վիրուսով վարակվելը կանխելու հույսով։

Ինչպես տեղեկացնում է իրանական մամուլը՝ մեթիլ սպիրտից տուժածների շարքում կա նաև մի երեխա, ով կոմայի մեջ է ընկել, ապա կորցրել տեսողությունը այն բանից հետո, երբ նրա ընտանիքում սկսել են սպիրտ խմել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով։

Հայտնի է, որ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում մեթիլ սպիրտից թունավորվել է 230 մարդ, որոնցից 20-ը մահացել է։ Ալբորզ նահանգում ալկոհոլային թունավորումից մահացել է 20 մարդ, Խուզեստանում՝ 63, Ֆարսում՝ 66։

Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքի դատախազի խոսքով՝ այդ ողբերգական դեպքերի հիմնական պատճառն այն է, որ սոցիալական ցանցերում չհիմնավորված տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ սպիրտը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է։