Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27.017-ի

140

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2206-ով՝ կազմելով 27.017։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1762 էր։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 143 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2077։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 122 դեպք էր արձանագրվել։

Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 9625։ Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 8913։

Իրանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ աստիճանաբար կչեղարկվեն. մասնավորապես Իրանը հնարավորություն կունենա առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք ձեռք բերել, Իրանի ֆինանսական միջոցների մի մասը կապասառեցվի:

Իրանի կառավարությունը ևս մարդկանց տեղաշարժը սահմանափակելու նպատակով խիստ միջոցների է դիմում: Մասնավորապես մարտի 26-ից կարգելվի ճամփորդության նպատակով դուրս գալ քաղաքից, կփակվեն այգիները և այլն: Իրանում ամենաշատը ճամփորդության են մեկնել մայրաքաղաք Թեհրանի բնակիչները:

Այժմ Իրանի իշխանությունները կանգնել են լուրջ խնդրի առջև. Պետք է որոշում կայացնեն, թույլատրե՞լ այն քաղաքացիների վերադարձն իրենց քաղաքներ, որոնք Նովռուզի օրերին ճամփորդության նպատակով դուրս են եկել իրենց քաղաքներից, թե՞ ոչ: Իրանի առողջապահության նախարարությունը կոչ է անում երկրի ներսում ճամփորդության մեկնածներին ևս մեկ անգամ գրանցվել salamat.gov.ir կայքում և իրենց առողջության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդել առողջապահության նախարարությանը:

Իրանի առողջապահության նախարարության առջև ծառացած մարտահրավերներից մեկը կապված է կորոնավիրուսով չվարակված, բայց ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիների հետ: Նրանցից շատերը վախենում են այցելել հիվանդանոց՝ մտահոգվելով, որ հնարավոր է՝ վարակվեն վիրուսով: Այդ իրավիճով պայմանավորված մահվան դեպքեր են արձանագրվել:

Իրանի բանակի ցամաքային ուժերի կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները կորոնավիրուսի տարածման կանխարգելման և կառավարման ազգային շտաբի հետ համատեղ զորավարժություն են անցկացնում։