Մուսավաթականից ալիևական. Ադրբեջանի անփոփոխ էությունը Շուշիի ջարդերի օրինակով

214

100 տարի առաջ` 1920թ. մարտին, Ադրբեջանը, ձախողելով Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկելու փորձերը, հերթական անգամ դիմում է զենքին և իրականացնում հայերի ջարդեր Շուշիում և Ղարաբաղի մի շարք այլ շրջաններում: Շուշիում և հարակից գյուղերում հայերի ջարդերը և ճնշումներն Ադրբեջանը սկսել էր դեռևս 1919 թ.:

1919թ. հունվարին անգլիական գեներալ Թոմսոնի երաշխավորությամբ Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովը նույն տարվա հունիսի 4-5-ին Շուշիում կազմակերպում և հրահրում է հայ-թաթարական զինված ընդհարում: Շուշիի հայկական թաղամասը ժամեր շարունակ գնդակոծվում է։ 1919թ.  հունիսի 25-ին Ղարաբաղի թեմի առաջնորդ Վահան Եպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդին ուղղված նամակում գրում է, որ ամսի 4-ին թուրքերը, շրջապատելով Շուշին, սկսեցին հայերի դեմ հարձակումը. «Հայերն ինքնապաշտպանության դիմեցին։ Անընդհատ և սարսափահար հրացանաձգությունը երկու կողմի դիրքերից շարունակվեց 28 ժամ, առանց ներս խուժման և հարձակողական միջոցների դիմելու, որից հետո կռիվը դադարեց անգլիական միսսիայի ու կռվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ … Հայերից թուրքերի թաղում գերվեց մինչև 40 անձ ու սրի քաշվեց»…  [ՀՀ Ազգային արխիվի ֆոնդից]։

Հաջորդ օրերին հարձակումներ և գնդակոծություններ են իրականացվում նաև Արցախի մի շարք գյուղերում, այդ թվում՝ Ղայբալիշեն, Փահլուր, Կրկժան, Ջամիլու: Վահան Եպիսկոպոսը գրում է, որ քրդերն ադրբեջանական զորքի մասնակցությամբ հարձակվեցին Ղայբալի գյուղի վրա և ժողովրդի երեք քառորդին՝ գլխավորապես տղամարդկանց, սրի քաշեցին, գյուղն ավերեցին, հրկիզեցին և հիմնահատակ կործանեցին։ «Այնուհետև հարձակվեցին Կրկժան, Փահլուր և Ջամիլու գյուղերի վրա ու կողոպտեցին ամբողջ երեքն ու հրկիզեցին առաջին երկուսը՝ փախուստի մատնելով ժողովրդին ու փախչելու ժամանակ շատերին գնդակահարելով։ Երրորդ օրը հարձակվեցին Քարինտակ ու Դաշուշեն գյուղերի վրա. ժողովուրդը փախավ, մի մասն ինքնապաշտպանության դիմեց…» [ՀՀ Ազգային արխիվի ֆոնդից]։ Այս օրերին Շուշիի  մերձակա գյուղերում սպանվում են հարյուրավոր հայեր։

Սուլթանովը օգոստոսի 14-ին կարգադրում է հրանոթներ տեղադրել Շոշ գյուղի ու Շուշի քաղաքի հայկական թաղամասերի ուղղությամբ և փակել Եվլախ–Շուշի ճանապարհը: Նույն օրը նա վերջնագիր է ներկայացնում Ղարաբաղի հայերի համագումարին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ընդունել Ադրբեջանի իշխանությունը: Օգոստոսի 22-ին համագումարը գնում է որոշ զիջումների և ժամանակավորապես ընդունում 26 կետից բաղկացած մի համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղի Շուշիի, Ջիվանշիրի, Ջեբրայիլի գավառների լեռնային հատվածը, որտեղ բնակիչները հայեր էին, ժամանակավորապես ընդունում է Ադրբեջանի իշխանությունը՝ մինչև Խաղաղության կոնֆերանսում խնդրի վերջնական լուծումը, որտեղ էլ պետք է որոշվեր Ղարաբաղի կարգավիճակը։ Միևնույն ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի որևէ տեղաշարժ չպետք է լիներ՝ առանց նահանգապետին կից 6 հոգուց (3-ական հայ և մուսուլման) բաղկացած խորհրդի ⅔-ի ձայների  [123, Հարություն Թումյան, Դեպքերը Լեռնային Ղարաբաղում 1917-1920թթ., Երեւան, 2008 թ.,  էջ 244]։

Չնայած հստակ սահմանված կարգին՝ ադրբեջանական կողմը շարունակաբար խախտում էր համաձայնագիրը։ Հայերը շուտով սկսում են բողոքել բռնություններից, այդ թվում՝ զինված ուժերի կենտրոնացումից ու չարտոնված տեղաշարժերից՝ Հայաստանի Զանգեզուրի շրջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս տեղաշարժերը Սուլթանովն իրականացնում է առանց խորհրդի համաձայնության՝ ինչը համաձայնագրի կոպիտ խախտում էր: Բացի այդ, Սուլթանովը շարունակում է ուժեր կենտրոնացնել Ղարաբաղում, ինչը Համաձայնագրի 15-րդ կետի խախտում էր, ըստ որի, Ադրբեջանը Շուշիում և Խանքենդում կարող էր զորքեր տեղակայել խաղաղ ժամանակի լրակազմով և ոչ ավելի:

1920թ. փետրվարի 18-ին Սուլթանովը, խախտելով Համաձայնագրի 1-ին կետը, դիմում է Հայոց ազգային խորհրդին՝ պահանջելով հավաքել Ղարաբաղի հայերի նոր համագումար, որը պետք է քննարկեր Ադրբեջանի հետ «Ղարաբաղի լիակատար միավորման հարցը»։ Հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, նա հավելում է. «Ղարաբաղի համագումարի քաղաքական օրակարգի առաջին կետը պիտի կազմի Ղարաբաղի հարցը, և կխնդրեմ քննության դնել Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին, իբրև նրա տնտեսական անբաժանելի մաս, միացնելու սկզբունքային խնդիրը» [Ռ. Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն», Հատոր Երրորդ, էջ՝ 162-163]։

1920 թ. մարտի սկզբին 8-րդ համագումարը մերժում է Սուլթանովի պահանջը և հայտարարում, որ օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրն Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը:

7-րդ Համագումարի պատգամավոր, դեպքերի ականատես Աբրահամ Կիսիբեկյանը իր «Հուշերում» գրում է, որ 8-րդ համագումարից հետո դարձյալ չարդարացավ Ադրբեջանի կառավարության հույսը: «Լեռնային Ղարաբաղը մնաց անսասան իր որոշման մեջ՝ դարձյալ շարունակել ու պաշտպանել իր պայմանները… Վերջապես նա [Ադրբեջանը] եկավ այն եզրակացության, որ այդ խնդիրը կարող է լուծվել միմիայն զենքի միջոցով, որի համար և ձեռք առավ մի շարք նախապատրաստական միջոցառումներ: Սուլթանովը Լեռնային Ղարաբաղի օղակումն ու ռազմական ուժերով շրջապատելը վաղուց էր վերջացրել»:

Ա. Կիսիբեկյանի խոսքերով՝ Խոսրով բեկ Սուլթանովը, վերջացնելով Լեռնային Ղարաբաղի շրջապատումը, անցնում է Շուշիի ամրացմանը: Ցուցակագրվում են քաղաքի աչքի ընկնող հասարակական գործիչները։ Սկսվում են խուզարկություններ հայերի բնակարաններում, շատերը ձերբակալվում են: Քաղաքի գլխավոր մուտքի՝ ներքին դարպասի մոտ նշանակվում են հսկիչներ՝ ստուգելու քաղաք մտնողներին ու դուրս եկողներին: Քաղաքից դուրս գալու համար անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն։

Նշվածը ցույց է տալիս, որ 1920թ. ջարդերը նախապես կազմակերպված էին և ձեռնարկվել էին մի շարք նախազգուշական միջոցառումներ՝ հայերի կազմակերպված ինքնապաշտպանությունից խուսափելու համար։

Մարտի 23-ի լուսաբացին ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի վրա և ամբողջությամբ ավերում ու հրդեհում քաղաքը։ Տասնյակ հազարավոր հայեր ենթարկվում են դաժան բռնությունների, սպանվում և դառնում փախստական։

Ա. Կիսիբեկյանը վերհիշում է տարիներ անց Կիլովոդսկում դեպքերի մեկ այլ ականատեսի՝ Շուշիում ճանաչված հաշվապահ և մենշևիկյան կուսակցության անդամ Կոստանդին Հարությունյանի հետ իր զրույցը։ Կ. Հարությունյանը պատմել էր, որ 1920 թ. մարտի 23-ի վաղ առավոտյան լսվել են կրակոցներ, բոլորը տներից դուրս են եկել և լցվել փողոցները՝ չիմանալով՝ ինչ է կատարվում, և սկսել են փախչել, ինքն էլ նրանց հետ: Ճանապարհին շատերը, այդ թվում Կ. Հարությունյանը, մտել են Ռուբեն Շահնազարյանի բնակարանը, որտեղ մոտ 1-2 ժամ մնալուց հետո, բակ են ներխուժել մի խումբ «ասկյարներ» (թուրքերեն բառ. հայերենում՝ «զինվոր») ու բոլորին ծեծելով և հայհոյելով քշել-տարել կառավարական շենքի հրապարակ, իսկ Ռ. Շահնազարյանին՝ Սուլթանովի մոտ:

«Այդտեղ ժողովեցին քաղաքի զանազան մասերից հազարավոր կանանց, երեխաների ու տղամարդկանց: Ղեկավարներն էին բժիշկ Մեհմանդարովը, Խոսրով բեկ Ֆոլատովը և ուրիշներ: Ծերունիներին, կանանց և երեխաներին քշեցին բանտ, նրանց հետ՝ նաև ինձ, իսկ մնացածներին տարան դեպի քաղաքի զանազան կողմերը: Բանտ քշվածները այնքան շատ էին, որ լցված էին մինչև անգամ բակն ու միջանցքները: Այդտեղ համարյա չէին կերակրում, նրանց ծեծում էին և անվերջ տեղի էին ունենում բարբարոսություններ և հափշտակում էին գեղեցիկ կանանց ու աղջիկներին»: Որոշ ժամանակ անց բազմաթիվ մարդիկ լցվել են բանտ և սկսել սրերով հարվածել՝ չխնայելով ոչ ոքի, իսկ այդ ոճրագործներին ոչ ոք չի սանձել…։

Հարցին՝ թե «ի՞նչ տեղեկություն կա Վահան Եպիսկոպոսի, Ծատուրյանի, բժիշկ Յարամիշյանի և Գաբրիել վարժապետի մասի», Կ. Հարությունյանը պատասխանել է. «Բոլորին էլ սպանեցին: Բժիշկ Յարամիշյանը մեծ հույս ուներ, որ բժիշկ Մեհմանդարովը կարող է իրենց օգնել, բայց նա բոլորից սարսափելի գտնվեց … »։

Կ. Հարությունյանը, ցույց տալով չորացած ձեռքը ու վզի խոր սպին, նշել է, որ ինքը հրաշքով է փրկվել՝ կիսամարդ դարձած. «մի կերպ ազատվեցի, որ ավելի շատ տանջվեմ: Ինձ գտա հիվանդանոցում՝ ինձ հետ մի քանի դժբախտների ևս» [1

Մի քանի օրվա ընթացքում ադրբեջանական զորքերը Շուշիի հայկական թաղամասը վերածում են մոխրակույտի. «ամբողջ քաղաքի հայկական մասը ծխում էր. բնակչության մի մասը ազատված էր, մի մասը կոտորված, իսկ մի զգալի մասի վիճակն էլ դեռ անորոշության մեջ էր …»,- նշված է Ա. Կիսիբեկյանի «Հուշերում» [Բանբեր Հայաստանի արխիվների, 2010թ.]։

Ադրբեջանն իր որդեգրած ցեղասպան քաղաքականությունը վերսկսեց Խորհրդային Միության թուլացմանը և փլուզմանը զուգահեռ: 1988 թ.-ից սկսած հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Մարաղայում և Ղարաբաղի մի շարք այլ շրջաններում։ Ադրբեջանի մեկ դար ի վեր որդեգրած հայատյաց ու ցեղասպանական քաղաքականությունը սրանով ևս չավարտվեց։ Այն շարունակվում և պետական մակարդակով խրախուսվում է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարության և հասարակական-քաղաքական այլ շրջանակների կողմից։

Հեղինակ՝ Գոհար Գրիգորյան