Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը տապալելու ԱՄՆ — Իսրայել ջանքերը և Եվրոպական երկրների դիրքորոշումը

69

2015թ. հուլիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետության և 5+1 (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ և Գերմանիա) խմբի միջև ընթացող երկարատև բանակցություններն ավարտվեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրով, որը պարտավորեցրեց Իրանին կրճատել ուրանի հարստացման ծավալները, իսկ պայմանագրի մյուս կողմերին՝ դադարեցնել Իրանի դեմ կիրառվող սանկցիաների մի մասը: 2017թ. ԱՄՆ նախագահ ընտրված հանրապետական Դոնադ Թրամփը, սակայն, հրաժարվեց դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված պայմանագրից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Թրամփի այս որոշումը փաստի առջև կանգնեցրեց պայմանագիրն ստորագրած ԵՄ երկրներին, իսկ Իրանին ստիպեց փուլային տարբերակով կրճատել ստանձնած պարտավորությունները: Թրամփը, անձնական սերտ կապեր ունենալով ԱՄՆ-ի հրեական համայնքի հետ (Թրամփի աշխատակազմում մեծ թիվ են կազմում հրեաները, որոնցից ամենահայտնին նրա ավագ խորհրդական, գործարար, հրեական ազդեցիկ Հաբադ-Լյուբավիչ կազմակերպության անդամ Ջ․ Քուշներն է, որը նաև նրա փեսան է։), այդպիսով պարզապես իր հերթական ծառայությունը մատուցեց հրեական պետությանը [1]: Պատահական չէ, որ դեռևս բանակցային փուլում Իսրայելն ամեն գնով փորձում էր տապալել գործընթացը, սակայն հաջողության հասավ միայն ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո:    

2018թ. մայիսի 8-ին  հայտարարելով ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին՝ Թրամփը նշեց Իսրայելի հետախուզական ծառայությունների ձեռքում հայտնված մի փաստաթղթի մասին, որը «վեջնականապես ցույց էր տալիս իրանական ռեժիմը և միջուկային զենքի ձգտման նրա պատմությունը [2]»: Թրամփն ի նկատի ուներ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից ԱՄՆ-ին ներկայացված «Ամադ» ծրագրին առնչվող փաստաթղթերը: Թրամփի ելույթից և պայմանագրից դուրս գալուց հետո վերոհիշյալ փաստաթղթերին անդրադարձան Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը [3], ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչ Օլլի Հեինոնենը, Օբամայի ադմինիստրացիայի՝ բանակցային գործընթացում ներգրավված անդամ Ռոբ Մալլեյը՝ հավաստիացնելով, որ այդ փաստաթղթերը նորություն չեն  և «Ամադ» ծրագիրը դադարեցվել է դեռևս 2003թ․-ին [4]: 

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձգտումները՝ ոչնչացնել կնքված պայմանագիրը և վերականգնել բոլոր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, ունեին իրենց պատճառները.

  • Պատժամիջոցների դադարեցումը սպառանալիք էր դիտարկվում Իսրայելի համար, քանի որ Իրանին հնարավորություն էր տրվում զարգացնել տնտեսությունն ու առավել ակտիվ գործել Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում ապահովելով  կառավարական ուժերի, իսկ Լիբանանում՝ Հեզբոլլահի ֆինանսական հոսքերն ու ռազմական մատակարարումները: Ըստ Նեթանյահուի՝ պատժամիջոցներն Իրանի միջուկային ծրագրի զսպման և նրա դիրքերի թուլացման միակ մեխանիզմն էին: 
  • Արտաքին քաղաքական հարթակում Իրանի հետ կնքված պայմանագրի վերջնական տապալումը կարող էր նպաստել Իսրայելում Նեթանյահուի համբավի վերականգնմանն ու դիրքերի ամրապնդմանը: Այս նպատակն էին հետապնդում պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Նեթանյահուի՝ Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա  կատարած այցերը [5]:

Եվրոպայում, սակայն, կարող ենք ասել, որ Նեթանյահուն ձախողել է իր առաքելությունը: Եվրոպական երկրները ոչ միայն չեն կիսում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումը, այլև փորձում են բոլոր հարթակներն օգտագործել ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ բերելու նպատակով: Եվրոպական երկրների համար ՀԳՀԾ-ն կարևոր գործիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման տեսանկյունից, քանի որ կայունությունն ու անվտանգությունն առանցքային երաշխիքներ են պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար [6]։ Պատահական չէ, որ ՀԳՀԾ-ի ստորագրումից և պատժամիջոցների մեղմացումից հետո ակտիվացավ Իրան-ԵՄ առևտրաշրջանառությունը և ԵՄ-ն դարձավ Իրանի երրորդ առևտրային գործընկերը՝ Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից հետո [7]։

Ներկայումս, եվրոպական երկրների այսպիսի դիրքորոշումից անկախ, Իրան-ԱՄՆ և Իրան-Իսրայել հարաբերություններում աճող լարվածության պայմաններում ՀԳՀԾ-ն դադարել է ծառայել իր նպատակին և փաստացի չի գործում: Միաժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ ստիպել պայմանագրի եվրոպական կողմին հրաժարվել պայմանավորվածություններից և վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, դեռևս չեն արձանագրում շոշափելի արդյունքներ։

  1. Այդուհետ 2017թ. Դ․ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, իսկ 2020թ․ հունվարին նեկայացրեց իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման. պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների կյանքի բարելավման տեսլական» (առավել հայտնի՝ «Դարի գործարք») կոչվող ծրագրի ամբողջական փաթեթը, որը ենթադրում է Պաղեստինի կողմից մեծ զիջումներ Իսրայելին:
  2. Trump’s Iran nuclear deal speech full text, 08 May 2018, Vox,  https://www.vox.com/world/2018/5/8/17332494/read-trump-iran-nuclear-deal-speech-full-text-announcement-transcript (hասանելի է՝ 13.03.2020):
  3. Iran nuclear row: Tehran says Israel’s Netanyahu lied, 01 May 2018, BBC News, https://www.bbc.com/news/world-middle-east-43960836 (hասանելի է՝ 13 .03 .2020):
  4. Israel’s Iran documents show nuclear deal ‘was built on lies’, 01 May 2018, BBC News, https://www.bbc.com/news/amp/world-middle-east-43958205#referrer=https://www.google.com  (հասանելի է՝ 13 .03 .2020):
  5. Israel’s Netanyahu tours Europe to lobby leaders against Iran,  04 June 2018 The Guardian, https://www.theguardian.com/world/2018/jun/04/israels-netanyahu-on-europe-trip-to-lobby-leaders-against-iran (hասանելի է՝ 13 .03.2020):
  6. Պայմանագիրը ստորագրած եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան 2019թ. հունվարին համատեղ մշակեցին Առևտրային փոխանակումների աջակցման գործիք(Instrument in Supprt f Trade Exchanges INSTEX), որի նպատակն էր ԵՄ անդամ պետություններին հնարավորություն տալ շարունակել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները՝ շրջանցելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցները: Նույն թվականին Ֆանսիայի նախագահ Է․ Մակրոնն առաջ քաշեց մի ծրագիր, որի նպատակն էր կոմպենսացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով նավթի վաճառքից Իրանի կրած կորուստները՝ դրանով իսկ պարտավորեցնելով Իրանին հավատարիմ մնալ 2015թ․ համաձայնությանը:
  7. Countries and Regions: Iran, 07 May 2019, An official website of the European Union, https://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/countries/iran/ (հասանելի է՝ 13.03.2020)։

Հեղինակ՝ Գոհար Հովհաննիսյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի