Reuters։ «Թուրքիայի և Իրանի միջև սկանդալ է հասունանում»

145

Ստամբուլում Իրանի հյուպատոսարանի աշխատակիցները պատվիրել կամ առնվազն հրահրել են Թուրքիա տեղափոխված իրանցի այլախոհ գործչի սպանությունը։ Այս մասին հայտարարել է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, ովքեր նախընտրել են չհրապարակել իրենց անունները։ Վերջիններս տեղեկացրել են, որ սպանված գործիչը նախկինում աշխատել է Իրանի պաշտպանության նախարարությունում և վերջին շրջանում «քննադատել է երկրի ռազմական և քաղաքական առաջնորդներին»։

Գործակալությունը ենթադրում է, որ այս մեղադրանքները կարող են սրել հարաբերությունները Թուրքիայի և Իրանի միջև, մինչդեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունները բավական մտերմացել էին։

Նշենք, որ իրանցի գործիչ Մեսութ Մոլավի Վանդանջանին սպանվել է 2019թ․ նոյեմբերի 14-ին՝ Իրանից հեռանալուց գրեթե մեկ տարի անց։ Համաձայն թուրքական ոստիկանության կազմած զեկույցի՝ նա աշխատել է Իրանի ՊՆ կիբեր –անվտանգության ոլորտում և ակտիվորեն քննադատել է երկրի իշխանություններին։ Վարդանջանին սոցիալական ցանցերում գրառումներ է կատարել՝ ուղղված «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» դեմ։

Ուշագրավ է, որ սպանությունից 3 ամիս առաջ Վարդանջանին հետևյալ գրառումն էր արել․ «Մենք արմատախիլ կանենք ԻՀՊԿ մաֆիայի կոռումպացված հրամանատաներին։ Աղոթեք, որպեսզի նրանք ինձ չսպանեն, նախքան ես դա կանեմ»։

Վարդանջանիի սպանությունից մեկ շաբաթ անց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղի ունեցածն անվանեց «Իրանի իշխանությունների աջակցությամբ երկրում այլախոհների սպանության անհաշիվ փորձերի ևս մեկ ողբերգական օրինակ»։

Թուրքիան հրապարակավ չի մեղադրել Իրանին՝ Վարդանջանիի սպանությունը պատվիրելու մեջ։ Բայց «Reuters»-ին տեղեկություններ տված թուրքական աղբյուրը նշել է, որ թուրքական իշխանությունները ծրագրում են վերադառնալ այդ խնդրին։ Թուրք գործիչներից մեկը հայտնել է, որ Վարդանջանիի սպանության անմիջական կատարողն ու մի քանի այլ կասկածյալներ ձերբակալվել են դեպքից շաբաթներ անց։ Նրանց թվում կան և թուրքեր, և իրանցիներ։ Ձերբակալվածները հայտնել են, որ գործել են Իրանի դեսպանատան հետախուզության երկու սպաների հրահանգով։ Ըստ արձանագրությունների՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող այդ երկու սպաներն են պատվիրել սպանությունը։

Մեկ այլ թուրք գործիչ լրատվական գործակալությանը հայտնել է, որ ըստ ցուցմունքների և հավաքագրված ապացույցների՝ իրանցիները կարևոր դեր են կատարել ինչպես հանցագործության հրահրման, այնպես էլ դրա կազմակերպման գործում։