Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում․ 30 մարտի

102

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում ավելացել է 3186-ով՝ կազմելով 41495: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2901 էր։

Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 117 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2757: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 13911: Ըստ նախագահ Հասան Ռոհանիի՝ կորոնավիրուսով հիվանդների բժշկական ծախսերի 90 տոկոսը վճարում է պետությունը։

Մարտի 27-ից իրականացվող սոցիալական հեռավորության պահպանման նախագիծը կշարունակվի մինչև ապրիլի 8-ը։ Արձակուրդ ուղարկված շուրջ 100 000 բանտարկյալի արձակուրդը երկարացվել է մինչև ապրիլի 19-ը։

Իրանի պաշտպանության նախարարությունում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի զանգվածային արտադրություն է սկսվել։ Թեստերը կարող են կորոնավիրուսը ախտորոշել 3 ժամում։ Պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքերով՝ մարտի 10-ից սկսած ՊՆ ենթակայությամբ գործող կազմակերպությունները շուրջ 1մլն 500 հազար հատ M750 և N95 տեսակի դիմակներ, 60 հազար պաշտպանիչ համազգեստ, 2 մլն 500 հազար լիտր ախտահանիչ նյութեր են արտադրել։