Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Երևանում տեղի ունեցած հանդիպման համար

626

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը նրան է հանձնել Բաքվի բողոքի նոտան՝ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հանդիպման և դրա արդյունքում ստորագրված հռչակագրի կապակցությամբ:

Նշենք, որ Մասիսի Մայիլյանի և Լորան Վոքիեի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, Երևանում։
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է: