Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակման պատճառով Իրաքում փակվել է «Reuters»-ի բյուրոն

133

Իրաքի իշխանությունները հայտարարել են բրիտանական «Ռոյթերս» գործակալության բյուրոյի աշխատանքները երեք ամսով դադարեցնելու մասին։ Պատճառն այն է, որ ըստ Իրաքի իշխանությունների՝ բրիտանական գործակալությունը երկրում կորոնավիրուսով վարակվածների քանակը պաշտոնական թվերից ավելի բարձր է ներկայացնում։

Գործակալությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունում իր անանուն աղբյուրներին, հոդված է հրապարակել, որում ասվում է, որ իրաքյան իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թվաքանակը։

Հոդվածում նշված էր, որ Բաղդադում կորոնավիրուսի առնվազն 2 հազար դեպք է գրանցվել, իսկ ամբողջ երկրում 3-ից 9 հազար վարակվածության դեպք կա, չնայած պաշտոնական տվյալների համաձայն ՝ երկրում հաստատվել է հիվանդության 772 դեպք և 54 մահ:

Այս կապակցությամբ Իրաքի իշխանությունները մեղադրել են Ռոյթերսին լրատվամիջոցների մասին օրենքը խախտելու մեջ և որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել գործակալության հավատարմագրումը՝ 25 միլիոն դինարի տուգանք (մոտ 21 հազար դոլար) սահմանելով: «Reuters»-ին նաև հորդորել են ներողություն խնդրել Իրաքի կառավարությունից և ժողովրդից: