Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել

344

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել:

Ադրբեջանական պատվիրակությանը ներկայացվել են ինքնաթիռների մարտավարական և տեխնիկական բնութագրերի, մարտական հնարավորությունների, սպառազինության, ինչպես նաև ինքնաթիռների արտադրության, շահագործման և պահպանման վերաբերյալ տվյալներ:

Ադրբեջանցի ռազմական օդաչուները ռուսական ավիաբազաներում փորձնական թռիչքներ են կատարել МиГ-35 ինքնաթիռներով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ «Рособоронэкспорт» ընկերության ներկայացուցիչների և ռազմական գործարանների ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ամենաժամանակակից ինքնաթիռների գնման հարցում: