Բաքվում մեկուսացվածները պատշգամբից աթոռներ են նետել՝ վանկարկելով «Ազատություն»

144

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով կարանտինի տակ առնված քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հարկադիր մեկուսացման ժամկետի անհիմն երկարացման պատճառով։

2020թ․ մարտ ամսվա ընթացքում արտերկրից Ադրբեջան է վերադարձել շուրջ 15․000 քաղաքացի, որոնց մեծ մասը մեկուսացվել է։ Նրանք տեղավորվել են պետության տնօրինության տակ գտնվող հանգստի գոտիներում և հանրակացարաններում։

Ապրիլի 6-ի դրությամբ կարանտինային գոտիներում են գտնվել 4369 մարդ, որոնց մի մասի մեկուսացման 14 օրը լրացել է, սակայն իշխանությունները չեն ցանկացել ազատ արձակել նրանց։

Արդյունքում Բաքվի «Ատլետների գյուղում» մեկուսացվածները բողոքի նպատակով դուրս են եկել պատշգամբ։ Նրանք վերևից  ջրով շշեր, աթոռներ ու այլ ծանր առարկաներ են ցած նետել՝ գոռալով․ «Ազատություն»։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հրշեջ–փրկարարները, զինվորականները։ Փորձել են հանդարտեցնել ցուցարարներին, իսկ իր մանկահասակ երեխայի հետ մեկուսարանը ինքնակամ լքել փորձող մի կին ձերբակալվել է։

Հարկադիր մեկուսացվածների գործողությունները արդյունք են տվել․ բողոքի ցույցից հետո 50-70 հոգու, ովքեր  մեկուսացման մեջ էին գտնվում արդեն 15-րդ օրը, ազատ են արձակել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ոչ մեկի իրավունքները չեն խախտվել, իսկ կորոնավիրուսի դեպքում կարանտինի խուրհուրդ տրվող ժամկետ 14-21 օր է։