Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում

110

2019թ․ հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև առևտրաշրջանառությունը 5 ամսում հասել է 1․5 մլրդ դոլարի։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի մաքսային ծառայության (IRICA) խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին։

Նրա խոսքով՝ նշված առևտրաշրջանառության 67 տոկոսը կազմել է ներկրումը, իսկ 33 տոկոսը՝ Իրանից կատարված արտահանումը։ Նշված ժամանակահատվածում Իրանից արտահանվել է 1 մլն 160․000 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 490 մլն դոլար, ներկրվել է 999 մլն դոլար արժողությամբ 2 մլն 958․000 տոննա ապրանք։

Ընդ որում՝ Իրանից ԵԱՏՄ արտահանված ապրանքների շուրջ 50 տոկոսը կամ 248․5 մլն դոլար արժողությամբ 482․000 տոննան ուղարկվել է Ռուսաստան։ Իրանի համար երկրորդ ամենամեծ արտահանման շուկան Հայաստանն է՝ 24․6 տոկոս, երրորդը՝ Ղազախստանը՝ 16 տոկոս արտահանմամբ։

Ներմուծման ոլորտում Իրանի համար առաջատարը դարձյալ Ռուսաստանն է, որտեղից ներկրվում է ընդհանուր ներմուծվող ապրանքների 71․4 տոկոսը կամ շուրջ 2 մլն տոննա՝ 714 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Երկրորդ և երրորդ տեղերում Ղազախստանն ու Բելոռուսն են՝ համապատասխաանբար 24․9 և 2․3 տոկոս ցուցանիշով։