Հայ լրագրող․ Սիրիայում հակահամաճարակային միջոցառումներն օրեցօր խստացվում են

90

Սիրիահայ լրագրող Սարգիս Քասաղյանը Դամասկոսից տեղեկություններ է հաղորդել Սիրայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ ամեն օր Սիրիայում անվտանգության միջոցառումները ավելի են խստացվում։ Ներկա դրությամբ երկրում արգելված է տանից դուրս գալ երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6-ը, իսկ հանգստյան օրերին նշված արգելքը սկսվում  է կեսօրին՝ ժամը 12-ին։

Արդեն երեք շաբաթ է՝ փակ են բոլոր հաստատությունները՝ բացառությամբ առողջապահական հաստատությունների։ Արգելված են այգիներում և փողոցներում մարդկանց  կուտակումները։ Մեկ վայրում երկու հոգուց ավելի մարդկանց կուտակումների դեպքում միջամտում է ոստիկանությունը։

Քասաղյանը նշել է, որ երկրում ապրիլի 7-ի դրությամբ պաշտոնապես հայտարարված կորոնավիրուսի վարակակիրների թիվը 16 է, բայց բժիշկները վստահեցնում են, որ իրականում դեպքերն ավելի շատ են։ Արձանագրված դեպքերի փոքր ցուցանիշը, ըստ նրանց, կարող է պայմանավորված լինել բուն թեստավորումների սահմանափակ թվով, ինչպես նաև այն հանգամանքով, որ  պոտենցիալ վարակվածների մի մասն ընդհանրապես չի դիմում առողջապահական հաստատություններին։

Ապրիլի 7-ի դրությամբ Սիրիայում կորոնավիրուսից բուժվել է 2 մարդ, Covid -19-ով վարակված ևս երկու քաղաքացի մահացել է։