Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

89

Իրանական կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ, և զորակցություն հայտնել հայ ժողովրդին:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի: