Արաբական կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարել

90

Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող Արաբական կոալիցիան երկշաբաթյա հրադադար է հայտարարել Եմենում, որը կապված է երկրում կորոնավիրուսի տարածման հետ:

«Մենք պատրաստվում ենք կորոնավիրուսի դեմ պայքարին»,-ապրիլի 8-ին հայտարարել է կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Արաբական կոալիցիայի տարածած գրավոր հաղորդագրությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ի ժամը 12:00-ից, որը սակայն հետագայում կարող է երկարաձգվել: Ապստամբ հուսիթները դեռևս հրապարակայնորեն չեն արձագանքել այս նախաձեռնությանը: Ավելի վաղ եմենյան հակամարտության բոլոր կողմերը աջակցել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար կրակը դադարեցնելու մասին կոչին:

Առայժմ  Եմենում նոր տիպի կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:  Երկարատև բախումների հետևանքով երկրում խարխլվել է բազային բժշկական համակարգը: Փորձագետները մտահոգված են, որ Եմենում կորոնավիրուսի տարածումը կարող է ողբերգության հանգեցնել:

Նշենք, որ Եմենում 2015 թվականից պատերազմ է ընթանում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ արաբական պետությունների կողմից աջակցություն վայելող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի  զորքերի և Իրանի աջակցությունը վայելող ապստամբ հուսիթների միջև: Հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել, մեծ մասը` քաղաքացիական անձինք: