Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է գրանցվել

197

Արցախի Հանրապետությունում ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Այսօր թեստավորված 3 քաղաքացիներից 2-ի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որը ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: 2-րդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն»,-հայտնում են նախարարությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով 2-րդ անձն, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:
Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Նախարարությունը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսի 1-ին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին: