Նաղդալյան․ «Թուրքական կողմից հնչած որոշ հայտարարություններ չեն նպաստում համագործակցության մարդասիրական միջավայրի ձևավորմանը»

387

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքական կողմի այն պնդումը, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը Թուրքիայից օգնություն է խնդրել և Թուրքիան պատարստվում է տրամադրել այդ օգնությունը։

 «Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով», — նշել է Նաղդալյանը: 

Խոսնակը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:

«Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարություններ չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը», — նշել է Նաղդալյանը։ Անդրադառնալով Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման պատճառով Թուրքիայում Չինաստանի դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու փաստին՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է․

«Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»: