Ասադը իր հարցազրույցում բարձր է գնահատել հայերին ու նրանց հայրենասիրությունը

239

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը սիրիական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հիշատակել և բարձր է գնահատել հայերին ու նրանց հայրենասիրությունը: Ալ-Ասադը, անդրադառնալով քրդերի հարցին, նշել է, որ Սիրիան իրենց կողքն էր կանգնել տասնամյակներ շարունակ, մինչդեռ քրդերը Սիրիա պետությանը մեղադրում են շովինիստության մեջ:

«Ո՞վ է վերջին համայնքը, որ միացավ սիրիական հյուսվածքին (խմբ. նկատի ունի հասարակությանը). հայերը: Հայերը հայրենասեր համայնք են գերազանցապես: Դա ապացուցել են նաև պատերազմի ընթացքում: Միաժամանակ, այս համայնքն ունի իր եկեղեցիները , դպրոցները: Եվ եթե դուք մասնակցեք հայկական որևէ միջոցառման՝ հարսանիքի կամ մեկ այլ խնջույքի, և ես մասնակցել եմ, քանի որ նախկինում հայ ընկերներ ունեի, նրանք երգում էին իրենց ավանդական երգերը, ինչպես նաև ազգային, քաղաքական տարրեր պարունակող երգեր: Արդյոք սրանից առավել անկախություն կա: Սիրիահայերը, ինչպես աշխարհում սփռված մյուս հայերը, միախառնվեցին, սակայն չձուլվեցին սիրիական հասարակությանը: Նրանք պահպանել են իրենց բոլոր բնութագրերը: Ինչու՞ մենք պետք է բաց լինենք նրանց առջև, և փակ՝ մեկ այլ համայնքի: Պատճառը անջատողական պնդումներն են: Սիրիական Քրդստանի քարտեզներ կան, որոնք ներկայացվում են որպես Մեծ Քրդստանի մի մաս: Այժմ, մեր իրավունքն է պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունը և զգուշանալ անջատողական պնդումներից: Բայց մենք խնդիր չունենք սիրիական բազմազանության հետ»,-ասել է Սիրիայի նախագահը: