Լիբանանի նախագահ Միշել Աունը դատապարտել է Ցեղասպանության անպատժելիությունը

110

Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել՝ նշելով, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ։ «Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է», — ընդգծել է նա:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին և ամենամեծ ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց ավելի քան 1․5 միլիոն հայ։ Ողջ աշխարհի հայությունը այսօր 105-րդ անգամ ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։ Լիբանանի պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ․ ապրիլի 3-ին, իսկ 2000թ․ մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը։