Փաշինյան․ «Ցեղասպանության հետևանքները վերացված չեն, առ այսօր Թուրքիան զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել»

818

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է.

«Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:

Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:

Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:

Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր»: