Պետքարտուղարության ներկայացուցիչ. Հայաստանն ու Ադրբեջանը լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում

109

Թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում` պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին:

«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաև՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»,- ասել է Ջորջ Քենթը։

Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոմբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Անդրադառնալով Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո իրականացվող բարեփոխումներին, այդ թվում և՝ Սահմանադրական դատարանի շուրջ հանրաքվեի և ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագանձման նախաձեռնությանը, Ջորջ Քենթն ընդգծել է. «Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, իրական քայլեր են համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհին»:

«Հարցն այն է, թե ինչպես ապահովել դատական արդար համակարգ, եթե նախկինում դատական համակարգն օգտագործվել է որպես քաղաքական գործիք: Կարծում եմ, Հայաստանում առաջարկվում է դատական իշխանության ավելի ռադիկալ բարեփոխում: Մեր խորհուրդն է լսել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները, որպես մի մարմնի, որը կարող է լավագույն խորհրդատվությունը տրամադրել»,-ասել է Ջորջ Քենթը:

Միացյալ Նահանգները փորձելու է աջակից լինել Հայաստանին այդ ճանապարհին, նշել է փոխպետքարտուղարի տեղակալը։

«Համակարգի փոփոխության իրավական ճանապարհը, հիմնվելով լավագույն օրինակների վրա, շատ կարևոր է, և կարծում եմ մենք հենց դա ենք տեսնում այժմ Հայաստանում, հատկապես՝ արդարադատության ոլորտում»,-ասել է Ջորջ Քենթը:

Ընդհանրապես, դատաիրավական համակարգի բարեփոխումները երկրի ժողովրդավարության գործում առանցքային դեր ունի, ավելացնում է Ջորջ Քենթը. «Երկու կառույցները, որոնք օգտագործվել են խորհրդային համակարգի կողմից սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար՝ դատաիրավական համակարգն էր և գաղտնի ոստիկանությունը:

Եվ երբ երկրներն իսկապես ցանկանում են թոթափել այդ ժառանգությունը, նրանց անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը և անվտանգության ծառայությունները: Եվ երբ երկրներն այդ հարցում հաջողության են հասնում, նրանք կարող են ասել, որ լիարժեքորեն հաղթահարել են բոլշևիկյան խորհրդային ժամանակաշրջանը»: