Ադրբեջանում ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցչի մահ է գրանցվել

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, գրանցվել է թեկնածուների երկու ներկայացուցիչների մահ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից թեկնածու Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևի մահվան մասին լուրից ելնելով` Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին: Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ:

Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել` ըստ Գլխավոր դատախազության: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից բողոքներ չեն ստացվել ընտրական օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ: Նշվում է, որ Հաջիևը տառապում էր սրտային հիվանդությամբ, երկու անգամ սրտի կաթված էր տարել, 6 ամիս առաջ էլ վիրահատվել էր: Դեպքի առիթով Գյոյգյոլի շրջանի դատախազությունում շարունակվում է հետաքննությունը:

Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մի թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է մեքենայի մեջ: Տեղեկացվում է, որ Հուսեյնովը մահացել է իր տան մոտ, մեքենայի մեջ, ժամը 23:00-ի մոտակայքում: Նա առաջադրված թեկնածու Հագան Աբդուլաևի ներկայացուցիչն էր:

Դեպքի վայրի և դիակի զննությունն այս անգամ էլ մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել: Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տանից և մեկնել է իր մեքենայով, որը վարելիս է եղել իր համագյուղացին: Նա նույնպես երկար ժամանակ տառապել է սրտի հիվանդությամբ և 2016 թվականին 3 վիրահատություն է տարել:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here