Էրդողանը ներկայացրել է ԱՄՆ այցի օրակարգը

1598

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ը մեկնելուց առաջ ներկայացրել է մի շարք հարցեր, որոնք լինելու են իր այցի օրակարգում:
Էրդողանը նախ ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համակարծիք են 2 երկրների միջև առկա խնդիրները լուծելու և հարաբերությունները զարգացնելու հարցում:
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Թրամփի հետ հանդիպման օրակարգում առաջնահերթ են Գյուլենական համայնքին (FETÖ՝ Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն) վերաբերող հարցերը: Դրանցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ում բնակվող համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիա արտահանձման հարցը: Էրդողանն ընդգծել է, որ նրա արտահանձման ուղղությամբ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը:

«ԱՄՆ այցի օրակարգի առաջնահերթ թեմաներից մեկը ահաբեկչության դեմ պայքարն է»,-հայտնել է Թուրքիայի նախագահը: Այս համատեքստում նա հավելել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահին փաստաթղթերով ապացուցել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (մեծամասամբ բաղկացած է քրդական ուժերից) հրամանատար Ֆերհաթ Աբդի Շահինը (Մազլում Քոբանի) «ահաբեկիչ է», իսկ նրա հետ բանակցություններ վարելը՝ սխալ:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հյուսիս- արևելքի հարցում թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական պայմանավորվածություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն կարողացել այդ տարածքները մաքրել «ահաբեկիչներից» (նկատի ունի քրդական ուժերին): Ըստ Էրդողանի՝ այս հարցը նա քննարկելու է Թրամփի հետ, իսկ ԱՄՆ-ից վերադարձից հետո նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: