Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ անդրադարձել է Ղարաբաղի հարցին

850

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցերի։

Չավուշօղլուն, արձագանքելով Իսրայելի մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները Իսրայելի դեմ արշավ են իրականացնում, նշել է, որ իրենք Իսրայելին թիրախավորող թշնամական որևէ գործողություն չեն իրականացնում։ Ընդհակառակը՝ Թուրքիայի արտգործնախարարն է մեղադրել Իսրայելին Թուրքիայի հանդեպ նման քաղաքականություն վարելու մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի վերաբերյալ բավականին կոշտ արտահայտություններ հնչեցնելով Չավուշօղլուն այն որակել է որպես «մահացած ծնված» ծրագիր։

Նա խոսել է նաև Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի իրականացրած գործողություններին՝ ևս մեկ անգամ ընդգծելով իրենց վճռականությունն այս հարցում։  

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի շրջանցել նաև  Արցախի հիմնախնդիրը: Այս հարցում նա հետևյալ շեշտադրումն է արել. «Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանը իր ազդեցությունը և ուժն օգտագործի, ապա մենք այս հարցը կլուծենք: Այս տարի ևս Ղարաբաղի հարցին կարևորություն ենք տալու»: