Կարևոր է նշել, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը կրում էին եռակողմ բնույթ. Սարասար Սարյան

1949

Ադրբեջանից հայ փախստականների արցախյան միության ղեկավար Սարասար Սարյան կարևոր է համարում հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, քանի որ այդ նախաձեռնությունն ուղղված է վստահության մթնոլորտ ձևավորելուն և ատելության խոսք պարունակող հռետորաբանության մեղմացմանը: Սարյանն այս մասին ասել է «АрмИнфо»-ին տված հարցազրույցում:   

«Այդպիսի այցերը լրագրողներին, որոնք պետք է միմյանց նկատմամբ առանց կարծրատիպերի հանրային կարծիք ձևավորեն, թույլ են տալիս տեղում ծանոթանալ իրավիճակին և լավ հասկանալ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ հասարակության տրամադրությունները»,- ասել է հայ փախստականների արցախյան միության ղեկավարը:

Վերջինիս խոսքով միաժամանակ պետք է արձանագրել նաև, որ այդ այցերի նշանակությունը ու դրանց շարունակականության նպատակահարմարությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով օբյեկտիվ ու անկողմնակալ կմատուցվի այցերի արդյունքների մասին ինֆորմացիան:

«Նմանատիպ այցերը չպետք է լինեն ինքնանպատակ կամ որ ավելի վատ է, չպետք է դառնան քարոզչության գործիք: Հակառակը՝ դրանք պետք է նպաստավոր մթնոլորտ ստեղծեն խաղաղ գորընթացը շարունակելու համար:

Կարևոր է նշել, որ այդ նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցած այցերը կրում էին եռակողմ բնույթ: Ադրբեջանցի լրագրողներն այցելեցին Հայաստան և Արցախ, իսկ արցախցի լրագրողը հայաստանցի գործընկերների հետ միասին եղավ Ադրբեջանում: Սա շատ կարևոր քայլ է ճիշտ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Սարյանը: