Հայաստանի նախագահը Jerusalem Post-ին. Ցեղասպանության չճանաչումը անցանկալի հետևանքներ կունենա

901

Իսրայելական The Jerusalem Post կայքը հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցը, որում վերջինս նշել է, որ Իսրայելը չի կարողանա հաղթել հակասեմականության դեմ ճակատամարտը, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նախագահի խոսքով, հայ ժողովրդի մեծ մասը չի ընկալում Իսրայելի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1917թթ. 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչելու ժխտողական քաղաքականությունը:

«Բազմաթիվ հայեր հարցնում են, թե ինչու Իսրայելը, որի ժողովուրդը ապրել է սեփական մեծ ողբերգությունը, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չկա տրամաբանական պատասխան: Չեմ կարող ասել, որ Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որ դա է պատճառը, չեմ կարող դա ասել»,-նշել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, այսօր այդ հարաբերությունները լավ են, վաղը՝ վատ, և հետո այլ կերպ, սակայն ճշմարտությունը կմնա ճշմարտություն:

Սարգսյանը շեշտել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բարոյական խնդիր է, ավելին, քան ամեն ինչ և հույս ունի, որ Իսրայելը մի օր ճանաչելու է ցեղասպանությունը, և որ «մարդկային արժեքները, բարոյական արժեքները և պատմության կարևորությունը կգերակայեն»:

ՀՀ նախագահը հավատում է, որ Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչել, որովհետև «անհարմար» դրության մեջ կհայտնվի. միլիոնավոր մարդիկ են մահացել, մշակույթը ավերվել է, և Թուրքիան, հավանաբար, վախենում է պահանջներից՝ նյութական և բարոյական: Սարգսյանը նշել է, որ Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցել է, որովհետև չի կարծում, որ «ցանկացած հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոսթի ողբերգությունը կապել Իսրայելի խորհրդարանի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հետ»:

Կայքը հետգրության տեսքով նշում է, որ իր երկիրը (Հայաստանը, խմբ.) մեկ այլ հարցում է մեղավոր, ինչպես հրեական պետությունը: Հայաստանը Իսրայելի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում Պաաղեստինի հետ տարածքային վեճի հետ կապված՝ ՄԱԿ-ում քվեարկելով դեմ ու դատապարտելով Հուդեա և Սամարիայում Իսրայելի ներկայությունը, միաժամանակ պաշտպանելով «սեփական օկուպացիան» Լեռնային Ղարաբաղում:  Այնուհետ ներկայացնում ԼՂ հակամարտության ադրբեջանամետ տեսակետները, ՄԱԿ բանաձևերը: