Հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից:

Նշվել է, որ Սիերա Լիոնեի դրոշով Razoni անվանումով նավը 26 տ. եգիպտացորեն կտեղափոխի Լիբանան: Նավը նախ կմոտենա Ստամբուլի ափերին, որտեղ համապատասխան ստուգումներից հետո միայն կուղևորվի Լիբանան:

«2022 թվականի հուլիսի 22-ին ԹՀ, ՌԴ, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և սննդամթերքի անվտանգ տեղափոխում» փաստաթղթի շրջանակներում փոխադրում իրականացնող այս առաջին նավից հետո, սահմանված միջանցքի և ընթացակարգերի շրջանակներում նախատեսվում է նաև այլ նավերի մեկնում»,- ասված է ԹՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հուլիս 31-ին էլ ԹՀ նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ուկրաինայից հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում օգոտոսի 1-ին հացահատիկով բեռնված առաջին նավը կարող է դուրս գալ ուկրաինական նավահանգստից:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here