Մեղրին Հայաստանի և Իրանի կենսական երակն է. իրանցի փորձագետ

Տարածաշրջանային հարցերով իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրին համոզված է, որ թեև Իրանի և Հայաստանի միջև սահմանի վերացման փորձը նոր ծրագիր չէ, սակայն այդ ամենի իրականացման հավանականությունը շատ փոքր է:

«Ելնելով Մեղրիի ռազմավարական կարևորությունից, այս սահմանը շատ կենսական և վճռորոշ է Թեհրանի ռազմավարական շահերի համար»,- ասել է իրանցի փորձագետը «Azarpazhoh» ազգայնական ուղղվածության կայքին տված հարցազրույցում:

Փորձագետը շեշտել է, որ Հարավային Կովկասը հանդիսանում է իրանական քաղաքակրթական տարածքի մի մասը և ռազմավարական նշանակություն ունի Թեհրանի համար, հետևաբար այս համատեքստում ցանկացած փոփոխություն ուղղակիորեն ազդում է Իրանի հյուսիսային սահմանների անվտանգության վրա։

Նրա խոսքով՝ հարավկովկասյան սահմանների ցանկացած փոփոխություն կխախտի տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը, ինչը անմիջական ազդեցություն կունենա մյուս հատվածների կայունության ու անվտանգության վրա։

Բեհեշթիփուրն ընդգծել է Հայաստանի հետ Իրանի 45 կիլոմետրանոց սահմանի կարևորությունը: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ ծով ելք չունեցող Հայաստանի համար անհրաժեշտ է Իրանի հետ սահմանը՝ Պարսից ծոց և Օմանի ծովի ջրեր մուտք գործելու համար։

«Մեղրիի սահմանը ապահովում է Իրանի կապը Վրաստանի և այնտեղից էլ դեպի Սև ծով ու Արևելյան Եվրոպա։ Մեր երկրի համար Մեղրիի սահմանը համարվում է Իրանի ցամաքային փոխադրումների Եվրոպա մուտք գործելու երեք հիմնական ուղիներից մեկը։ Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ Մեղրիի սահմանը մեր երկրի և Հայաստանի փրկօղակն է, և չի կարելի անտեսել նման սահմանը»,-շեշտել է Բեհեշթիփուրը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here