Մենք պատրաստ ենք հարվածել Իրանին՝ նրա միջուկային ծրագիրը զսպելու համար. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելը պատրաստ է Իրանին հարված հասցնել՝ ի պատասխան միջուկային զենք ստեղծելու Թեհրանի գործողությունների։ Այս մասին իսրայելական 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իրանը սպառնում է ոչ միայն Իսրայելին, այլև «խնդիր է ողջ աշխարհի համար»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ «ազատ աշխարհի» երկրները պատրաստ են ուժ կիրառել Իրանի դեմ՝ վերջինիս միջուկային ծրագիրը դադարեցնելու համար։

Իրանական կողմը շարունակում է պնդել, որ ուրանը օգտագործվելու է «բացառապես խաղաղ նպատակներով»։

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում հռչակագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Հռչակագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվում է օգտագործել «իր ազգային հզորության ողջ ներուժը»՝ կանխելու Իրանին միջուկային տերություն դառնալը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here