«Միջանցք» բառն օգտագործողները թաքնված մտքեր ունեն․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

«Մենք դեմ ենք այն կոմունիկացիաներին և ուղիներն, որոնք դուրս են Հայաստանի ինքնիշխանությունից և հարցականի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից ուղին, որը չի լինի Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո, անընդունելի է»,- CivilNet-ի հետ զրույցում ասել է Մեհդի Սոբհանին։

Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինն օգտագործողների մասին՝ նա ասել է․ «Նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան»։

«Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները: Միջանցքի մասին պետք է նշեմ, որ միջազգային գրականության մեջ դա նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և նրանք իրենց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր ունեն»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նկատել է, որ Հայաստանի հետ սահմանը թեև ամենափոքրն է, բայց Իրանի համար լավագույն սահմանն է․ «Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիք չենք ունեցել և Հայաստանն էլ երբեք Իրանի կողմից սպառնալիք չի զգացել: Մեր սահմանը բարեկամության և փոխշահավետության սահման է: Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի և հարավային երկրների հետ հաղորդակցվելու և դեպի Հնդկաստան ու ծով դուրս գալու սահման: Իրանի համար էլ Հայաստանը դեպի հյուսիս՝ Վրաստան, Սև ծով և հյուսիսային ճանապարհի երկարությամբ գտնվող երկրներ դուրս գալու ուղի է»։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here