Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում

224

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– ասել է Վ. Պետրոսյանը։

Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։