Տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները և Եվրամիությունը» խորագրով համաժողովը

129

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները,  այլ նաեւ արդարադատություն հաստատելը։ «Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», — ասաց Մավրիդեսը։

Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան  Տիգրան Բալայանն իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», — ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։ Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Ե Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։  «Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։  Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ», — ասաց Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասաց Մորենո  Օկամպոն եւ ընդգծեց, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն հրավիրեց ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։ «Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն, միամիտ տարբերակ է»,- ասաց Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով: «Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում», — հավելեց Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ըստ վերջինի՝ այսօր կա երեք կարեւոր կետ, որոնց մասին ԵՄ-ն պետք է խոսի։ Նախ ԵՄ-ն պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի  պահվող բոլոր հայերին։  Պետք է օգնի Լեռնային Ղարաբաղի հայությանը գրանցել իրենց ունեցվածքն ու գույքը, որ ստիպված թողել են եւ անհապաղ ստեղծել անկախ փաստահավաք առաքելություն, որը կհավաքագրի կատարված բոլոր վայրագությունները։

Միջազգային  իրավապաշտպան Գառնիկ Քերքորյանն իր ելույթում շեշտադրեց, որ իրավական պարտականություն է հանցագործություններն իրենց անուններով կոչելը։ Ըստ բանախոսի՝ Էթնիկ զտումը գործընթացի մի մաս է, որը հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների։ Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, չկարողացան պաշտպանել արցախահայության իրավունքները։ Այժմ նրանք պարտավոր են գործել այդ իրավունքների հրատապ վերականգնման ուղղությամբ։ Քերքորյանն ասում է՝ անցյալի մասին մտածելն անհրաժեշտ է հաշվետվողականության համար, քանի որ առանց արդարության չի կարող լինել խաղաղություն։ «Օրենքը պետք է գործիք լինի խաղաղության համար։ Ցեղասպանությունը, այլ զանգվածային հանցագործությունների կանխումը ձախողելու դեպքում պետք է գործարկվեն պատասխանատվության մեխանիզմներ՝ որոշելու անհատական և պետական պատասխանատվությունը: Պատասխանատվությունը չի կարող հանդես գալ որպես տարբերակ, այլ որպես վերականգնողական արդարադատության բացարձակ անհրաժեշտություն կամ անհրաժեշտ քայլ», — ասաց Քերքորյանը՝ շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն էլ չի կարող լիցենզիա լինել ոճրագործությունների եւ ցեղասպանության համար։

Համաժողովի ավարտին հարցուպատասխանի ժամանակ խոսքի իրավունք խնդրեցին ներկա եվրախորհրդարանականները, իրենց համերաշխությունն ու օգտակար լինելու պատրաստակամությունը հայտնեցին։

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ, որի հիմնական նպատակն էր հասկանալ, թե ինչպես ԵԽ-ն եւ պատգամավորները կարող են օգտակար լինել արցախահայությանը։  Հստակ էր մի բան՝  ներկաները գիտակցում են, որ վտանգված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների։