ՀՀ վարչապետը կմասնակցի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

649

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի է նաև, որ կապահովվի ուղիղ հեռարձակում, լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։