Պաղեստինը խզում է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ բոլոր՝ ներառյալ անվտանգության հարցերով պայմանագրերը։ Այս մասին հաղորդել է տեղական WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին։
Աբասը ասել է, որ պաղեստինյան կողմի՝ համաձայնագրերից դուրս գալու պատճառը Միացյալ Նահանգների աջակցությամբ պաղեստինյան հողերը բռնակցելու Իսրայելի մտադրությունն է։ Նա ընդգծել է, որ այսուհետ միջազգային հանրության առջև ողջ պատասխանատվությունը որպես զավթող ուժ կրելու է Իսրայելը։
Նշենք, որ 2020 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ «դարի գործարքի» պայմանները, որը երկու պետությունների ստեղծում է ենթադրում: Պայմանների շարքում էր Պաղեստինի տարածքում գոյություն ունեցող հրեական բնակավայրերի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը և արաբական պետության հրաժարումը զինված պայքարից:
Թրամփի նախագծին աջակցեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն Պաղեստինը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը: