Իսրայելում սկսվել է վարչապետ Նեթանյահուի գործով դատավարությունը

1346

Իսրայելում մայիսի 24-ին տեղի է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված երեք գործերով Երուսաղեմի շրջանային դատարանի առաջին նիստը, որը տևել է շուրջ մեկ ժամ:

Նշվում է, որ Նեթանյահուն պահանջել է տեսահեռարձակել նիստի ամբողջ ընթացքը, սակայն դատարանը մերժել է: Դատարանի դահլիճում գտնվել է շուրջ 20 մարդ. նրանք բոլորը կորոնավիրուսից պաշտպանվելու համար բժշկական դիմակներ են կրել:

Գործի առարկայական քննությունը կարող է սկսվել կես կամ մեկ տարուց: Հիշեցնենք, որ երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի դեմ գործը հարուցվել էր 2007 թվականին, դատարան էր փոխանցվել 2009-ին, 2012 թվականին նա մեղավոր էր ճանաչվել և միայն 2014 թվականին հրապարակվել էր դատարանի վերջնական որոշումը:

Ինչ վերաբերում է Նեթանյահուին, ապա նրա գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին և կանցնի արդեն առանց վարչապետի ներկայության:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կասկածում են կաշառակերության, մեքենայությունների, հանրային վստահության չարաշահման մեջ։ Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Սա Իսրայելի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին մեղադրանք է առաջադրվում:

Նեթանյահուն բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից: