Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «Միացյալ Նահանգներին չի հաջողվել Իրանում անկայունություն, անապահովություն և քաղաքացիական պատերազմ հրահրել»:
Մայիսի 23-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ հեռախոսազրույցում, Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է ամեն կերպ միջամտել այլ երկրների ներքին գործերին:
«ԱՄՆ-ն իրանցիների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում անգամ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ծանր պայմաններում»,-ասել է նա:
Դատապարտելով ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանային ահաբեկիչներին, այդ թվում՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, Ռահմանի Ֆազլին կարևորել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, քաղաքական, տնտեսական և անվտանգության կապերի խորացման ուղղությամբ, ինչպես նաև Թեհրան-Անկարա համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով վերջերս Իրանի ներքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է. «Ամեն անգամ, երբ ամերիկացիների մտքում որևէ խնդիր է առաջանում, նրանք սկսում են սպառնալ, ոչնչացնել ու բոյկոտել»: