Իրանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները Պարսից ծոցի ռազմավարական ջրերում, մանավորապես Հորմուզի նեղուցում: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին։
Մայիսի 28-ին գեներալ Խաթամին ելույթ ունենալով Իրանի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում կազմակերպված նոր հարձակողական արագընթաց մոտորանավերի բացման արարողությանը՝ նշել է․
«ԻՀՊԿ-ին մատակարարվող նավերի վրա օգտագործված սարքավորումների ավելի քան 80 տոկոսը, ներառյալ հեռահաղորդակցությունը, ռադարները և կառավարման ու վերահսկման համակարգերը Իրանում են արտադրվում և դրանց սպառազինության բոլոր համակարգերը տեղայնացվել են պաշտպանության նախարարության հսկողությամբ»:
Նա հավաստիացրել է, որ այս տարի Իրանի պաշտպանական հնարավորությունները նաև կնշանավորվեն զգալի ցատկով ցամաքում, օդում և ջրում, ինչպես նաև էլեկտրոնիկայում և ավիատիեզերական ոլորտում: