Մայիսի 27–ի երեկոյան Թուրքիայի արևելյան և հյուսիս–արևելյան նահանգներում բազմաթիվ ականատեսներ հեռախոսներով նկարահանել են երկնքում բոցավառված երկնաքարը։
Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ երկնքում այդ տարօրինակ բոցավառվող երևույթը տեսնելուց հետո ահազանգել են ոստիկանություն։ Ժանդարմերիայի և փրկարար ուժերի ջոկատները մեկնել են քաղաքացիների նշած հավանական վայրերը, որտեղ ենթադրբար ընկած կլիներ երկնաքարը, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։
Երկնաքարը հիմնականում տեսել են Դիարբեքիրի, Բինգյոլի (Բյուրակն), Էրզրումի, Սվասի (Սեբաստիա), Երզնկայի, Արդվինի ու Տրապիզոնի բնակիչները։ Որոշ կարծիքների համաձայն՝ հավանական ընկնելու վայրն է Տրապիզոնի նահանգը։
Ընկած երկնաքարը երևացել է Հայաստանում՝ Հրազդանից դեպի Հանքավան տարածքում։ Մինչ քաղաքացիների մի մասը տեղի ունեցածն աննախադեպ երևույթ են որակել, գիտնականները պնդում են՝ աստղաթափումը բավականին հաճախ հանդիպող երևույթ է։