Amnesty International․Ադրբեջանի իշխանությունները համավարակն օգտագործում են ընդդիմության հետապնդման համար

1292

«Amnesty International»-ը հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտվել են կորոնավիրուսի համավարակից՝ ընդդիմադիր, քաղաքացիական ակտիվիստների և անկախ լրագրողների հետապնդման լայնամասշտաբ արշավ սկսելու համար: Ի թիվս այլոց, հետապնդպման են ենթարկվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված կառավարության ջանքերի քննադատները։ Այս մասին նշվում է «Amnesty International»-ի՝ Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ նոր հայտարարության մեջ։

«Ադրբեջանի բանտերում COVID-19-ի տարածման վերաբերյալ աճող վախերի ֆոնին երկրի իշխանությունները ոչ միայն չեն քննարկում քաղաքական պատճառներով դատապարտված բանտարկյալների ազատ արձակումը, իսկ այդպիսիք, մեր ադրբեջանցի գործընկերների հեղինակավոր եզրակացությունների համաձայն, առնվազն հարյուրն են, հակառակը, համավարակի դեմ պայքարի պատրվակով իշխանությունները ցինիկաբար ավելի ու ավելի շատ քննադատների են նետում ճաղերի հետևը»,- ասել է «Amnesty International»-ի Հարավային Կովկասի մասով հետազոտող Նատալյա Նոզաձեն:

Նոզաձեն հաղորդել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները: Դեռ մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացավ «նոր կանոններ» ներդնել համավարակի ժամանակաշրջանի համար: Նա նաև հայտարարեց Ադրբեջանի քաղաքական դաշտը ընդդիմությունից «մաքրելու» մտադրության մասին, որի ներկայացուցիչներին նա դավաճաններ և «հինգերորդ շարասյուն» անվանեց: Այդ ժամանակվանից կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է նախագահի մի քանի ականավոր քաղաքական հակառակորդ և քաղաքացիական ակտիվիստ, այդ թվում՝ Թոֆիգ Յագուբլուն և Էլչին Մամեդը:

Բացի այդ, բանտ է նստեցվել ավելի քան տասնյակ մարդ, որոնք համարձակվել են քննադատել իշխանությունների գործողությունները համավարակի դեմ պայքարի գործում, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ և անկախ լրագրող: Նրանց 10-ից 30 օր վարչական կալանք է սպասվում: Առնվազն 4 լրագրող զրկվել է ազատությունից կառավարության՝ համավարակի ուղղված միջոցառումների իրենց քննադատական ​​ռեպորտաժների համար:

Ադրբեջանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» հայտնել է, որ իրենցից 15 ակտիվիստ ձերբակալվել է մինչեւ 30 օր ժամկետով՝ կեղծ մեղադրանքների հիման վրա: Նրանցից մեկը՝ Նիյամեդին Ահմեդովը, որը մեկ ամսով կալանավորվել էր ապրիլի 16-ին, կրկին ձերբակալվել էր՝ արդեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական մեղադրանքներով: Բոլոր հանգամանքները թույլ են տալիս պնդել, որ նրա հետապնդումը քաղաքական բնույթ է կրում: Նրան մերժել էին իր ընտրությամբ փաստաբան ունենալու հարցում: Նա կալանքի տակ կլինի առնվազն մինչև սեպտեմբեր: Նիյամեդին Ահմեդովի դեմ մեղադրանքները պետք է կարճվեն, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի այլ քաղաքական ակտիվիստների հետ միասին, որոնք կալանքի տակ են պահվում քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով, նշում է Amnesty International- ը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի բանտերում կորոնավիրուսով վարակման վերջին դեպքերը, ձերբակալվածներին կորոնովիրուսով վարակվելու մեծ վտանգ է սպառնում»,- հավելել է Նատալյա Նոզաձեն:

Նոզաձեի խոսքով՝ մայիսի 15-ին Ադրբեջանի իշխանությունները հաղորդել էին բանտերում կորոնավիրուսով վարակման 46 հաստատված դեպքի մասին: Սակայն ադրբեջանցի իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները փորձում են թերագնահատել երկրում համավարակի մասշտաբները: Դեռ մինչև համավարակը բանտերում գերծանրաբեռնվածությունը և անբավարար սանիտարական պայմաններն արդեն լուրջ սպառնալիք էին ներկայացնում ադրբեջանցի բանտարկյալների առողջության համար: Ակնհայտ է, որ այդ սպառնալիքը միայն կսաստկանա: