Իսրայելի վարչապետը կոչ է արել «պարալիզացնող պատժամիջոցներ» սահմանել Իրանի դեմ

593

Հունիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել «պարալիզացնող պատժամիջոցներ» սահմանել Իրանի դեմ։ Նա նաև խոստացել է թույլ չտալ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Այդ մասին հայտարարությունը վարչապետն արել է Իսրայելի կառավարության հերթական նիստի ժամանակ։

Նեթանյահուն Իրանին մեղադրել է իր պարտավորությունները պարբերաբար խախտելու և այն օբյեկտները թաքցնելու մեջ, որտեղ հարստացվել են միջուկային նյութերը: Նա հիշեցրել է, որ Իրանը հրաժարվել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հասանելիություն տրամադրել գաղտնի օբյեկտներին, որոնցում գաղտնի ռազմական միջուկային գործունեություն է ծավալել:

«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, իրականում այդ ժամանակը վաղուց էր եկել, բայց հիմա հաստատ նոր տեղեկատվության լույսի ներքո ժամանակն է, որ միջազգային հանրությունը միանա ԱՄՆ-ին և Իրանի դեմ կաթվածահար անող պատժամիջոցներ մտցնի», — հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նա ավելացրել է, որ «կորոնավիրուսը որևէ կերպ չի նվազեցնում Իսրայելի վճռականությունը Իրանի դեմ գործելու հարցում»։

«Ցանկանում եմ նաև ասել հետևյալը․ Իսրայելը թույլ չի տա Իրանին ստանալ միջուկային զենք և կշարունակի համակարգված կերպով գործել ընդդեմ նրա (Իրանի) մեր (Իսրայելի) սահմանների մոտ ռազմական առումով ամրապնդվելու փորձերի»,-հավելել է Նեթանյահուն։