Հունիսի 8-ին, Վրաստանում սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը, որը սահմանվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունիսի 8 վերսկվսում է.
– միջքաղաքային ուղևորափոխադրումները,
– փակ տիպի ռեստորանների, սրճարանների և բարերի աշխատանքը,
– հյուրանոցների աշխատանքը,
– տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը:
Ուղևորատար երկաթուղային երթևեկության արգելքը դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ: Ենթադրաբար, այս սահմանափակումը կհանվի մեկ շաբաթից՝ հունիսի 15-ից:
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա իրենց աշխատանքը կկարողանան վերսկսել միայն այն հաստատությունները, որոնք կարողացել են կատարել բոլոր պահանջները, անցնել ստուգումը և Առողջապահության նախարարությունից թույլտվություն են ստացել:
Անվտանգության միջոցների պահպանման դեպքում՝ բացվում են նաև սննդի օբյեկտները: Հիմնական պայմանը սոցիալական հեռավորության ապահովումն է: Վեցից ավելի հյուրեր չեն կարող տեղավորվել մեկ սեղանի շուրջ: Դրա հետ մեկտեղ, աթոռները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Վրաստանի առողջապահության նախարարությունը վաղուց հրապարակել էր ռեստորանների և սրճարանների համար հրահանգները:
Միջքաղաքային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հանձնարարականները նման են հասարակական տրանսպորտի համար հրահանգներին: Մասնավորապես, ինչպես ուղևորները, այնպես էլ վարորդները պետք է կրեն բժշկական դիմակներ:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով՝ մարտի 21-ից մայիսի 23-ն արտակարգ դրություն էր գործում: Նույնիսկ դրա վերացումից հետո մնացին այն սահմանափակումները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու բնակչության շարժունակությունը:
Հունիսի 8-ից հետո կշարունակվի գործել ավելի քան տասը հոգու հավաքի արգելքը՝ ավանդական սոցիալական միջոցառումներ անցկացնելու նպատակով` հարսանիքներ, հոգեհանգիստ, տարեդարձ և այլն: Բազմամարդ վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է: Դեռ փակ են մնում խաղատները, գիշերային ակումբները, մարզասրահները, լողավազանները, ինչպես նաև բոլոր թանգարանային հաստատությունները և թատրոնները:
Հունիսի 15-ից Վրաստանում կվերսկսի ներքին տուրիզմը: Զուգահեռաբար ակնկալվում է բացօթյա որոշ թանգարանների և արգելոց-թանգարանների վերաբացումը: Հուլիսի 1-ից Վրաստանում կվերսկսվեն միջազգային ավիաչվերթները, ինչպես նաև Վրաստանն իր սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: